Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԱՄՆ-ը ձգտելու է «փափուկ» ձևով, աստիճանաբար դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց

ԱՄՆ-ը ձգտելու է «փափուկ» ձևով, աստիճանաբար դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց
10.02.2009 | 00:00

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Հայաստանի վերջին ամիսների գործընթացները, եթե մի կողմ թողնենք փոխոստիկանապետի աղմկահարույց սպանությունը, այնուհանդերձ, կարելի է բնորոշել իբրև հարաբերական ներքին հանդարտության շրջան: Դժգոհությունն իշխանություններից այդ շրջանում ավելի շատ եղել է տնտեսական դաշտում կառավարության ձեռնարկած գործողությունների հետևանք, քան քաղաքական դժգոհության որոշակիացված դրսևորում։
Գործող իշխանությունից զատ, Հայաստանում իշխանության ձգտող երկու ազդեցիկ խմբավորումներից ոչ մեկն այս ընթացքում չի դիմել ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու ռիսկի։ Եթե անդրադառնանք արմատական ընդդիմությանը, ապա վերջինիս գործողությունները, սկսած հոկտեմբերի 17-ի վերջին հանրահավաքից, կրում են համեմատաբար իներտ բնույթ։ Սա, իհարկե, ունի մի շարք պատճառներ և պայմանավորված է նաև «ձմեռային սեզոնով»։ Վերջին քսան տարիների ընթացքում սա փորձարկված տեխնոլոգիա է, և ընդդիմությունը քաջ գիտակցում է, որ ոչ ընտրական շրջանում, երբ չկա իշխանափոխության իրական, տեսանելի և շոշափելի հեռանկար, բազմահազար զանգված փողոց դուրս բերելը բավական բարդ խնդիր է։ Բայց սա, անշուշտ, միակ պատճառը չէ, ընդդիմության գործելակերպն իր մեջ պարունակում է նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ։
Այն, որ ներկա ընդդիմությունն իր աշխարհաքաղաքական կողմնորոշումներով ընդգծված արևմտամետ է, և արևմտյան վեկտորի ազդեցությունը շատ մեծ նշանակություն ունի ընդդիմության որոշումների կայացման մեջ, սկզբունքորեն գաղտնիք չէ ոչ մեկի համար։ Իսկ վրաց-ռուսական պատերազմից հետո, երբ ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում գնալով ավելի են ամրապնդվում, Վաշինգտոնին բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանում անկայուն իրավիճակի ստեղծումը։ Սա չի նշանակում, թե ընդդիմությունը կառավարվում է բացառապես ամերիկյան հրահանգներով, բայց որ ԱՄՆ-ի տարբեր կարգի ներկայացուցիչների «խորհրդատվությունը» միշտ էլ որոշակի նշանակություն ունեցել է ընդդիմության կեցվածքում, նույնպես փաստ է։ Իսկ այս պահին ԱՄՆ-ի նոր վարչակազմին, որը գտնվում է իր առաջնահերթությունների ճշգրտման փուլում, բացարձակապես ցանկալի չէ նոր անկառավարելի կամ անկայուն վիճակի ստեղծումը տարածաշրջանի երկրներից մեկում, հատկապես Հայաստանում, ուր առկա է Մոսկվայի գործնական միջամտության հնարավորությունը։ Վաշինգտոնի դիրքերը տարածաշրջանում այսօր ավելի նախընտրելի են, քան Մոսկվայինը, և, տարբեր փորձագետների ոչ անհիմն կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ը ձգտելու է «փափուկ» ձևով, աստիճանաբար դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց։ Այս պահին Վաշինգտոնին, թերևս, բավարարում է այն իրողությունը, որ գործող նախագահն ու կառավարությունը միանշանակ ռուսամետ կողմնորոշում չունեն, ինչի վկայությունն էր Մոսկվայում ՀԱՊԿ-ի գագաթաժողովի անցկացումից հետո Սերժ Սարգսյանի Մյունխեն մեկնելը` մեկ այլ ավելի հեղինակավոր գագաթաժողովի մասնակցելու համար։
Հայաստանում ներիշխանական և համապատասխանաբար նաև ներքաղաքական անկայունություն ստեղծելու ունակ երկրորդ բևեռը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է` կառավարման համակարգում և խորհրդարանում ունեցած լծակները նկատի ունենալով։ Եվ հենց այն հանգամանքը, որ Քոչարյանի ցանկալի վարչապետության հարցը ոչ մի կերպ չի լուծվում, տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ, թե ապագայում Քոչարյանի կողմից կառավարվող ներիշխանական բևեռը լուրջ պրոբլեմներ է հարուցելու գործող նախագահի ու կառավարության համար։ Կառավարության օրենսդրական փաթեթին ԲՀԿ-ի դեմ հանդես գալու հայտնի նախաձեռնությունը վերլուծաբանները որակեցին իբրև ներիշխանական պայքարի առարկայացող դրսևորում։ Այս կապակցությամբ շրջանառվող լուրերն ավելի ինտենսիվ դարձան այն պնդումներից հետո, թե ԲՀԿ առաջիկա համագումարում Քոչարյանը կդառնա կուսակցության նախագահ, որից հետո էլ կսկսվի գործող խորհրդարանական կոալիցիայի փլուզման և նոր մեծամասնության ձևավորման գործընթացը` Քոչարյանի վարչապետության հարցը վերջնականապես լուծելու համար։ Եվ քանի որ նախկին նախագահին արտաքին քաղաքական հովանավորություն ցուցաբերող հիմնական բևեռն անցած տարիներին եղել է Մոսկվան, դարձյալ սկսեցին լուրեր տարածել, թե Քոչարյանի վարչապետության հարցը վերջնական «դաբրոյի» է արժանացել մոսկովյան համապատասխան կաբինետներում, և ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ուր որ է կանցնի այդ «պրոյեկտի» գործնական իրագործմանը։
Սակայն լուրերն ակնհայտորեն չափազանցված դուրս եկան, որովհետև ԲՀԿ նախագահը, խորհրդարանում հայտնի «դեմարշից» շատ չանցած, հայտարարեց, թե իրենք մնում են իշխանության մեջ, հավատարիմ են կոալիցիայի շրջանակներում կայացած պայմանավորվածություններին, և որ լավ «մուզիկանտ չզբաղվել» ընդդիմադիր գործունեությամբ։ Կարևոր չէ, թե ինչ ձևով, ինչ բառակապակցությունների մատուցմամբ սա ներկայացվեց հանրությանը։ Կարևորն այն է, որ ԲՀԿ-ի` կոալիցիոն կեցվածքին վերադառնալու գործընթացը, ըստ շրջանառվող ոչ անհիմն լուրերի, նույնպես արտաքին ազդեցության արդյունք է։ Ավելի ճշգրիտ, Մոսկվայի «հակադարձ արձագանքի», այն իմաստով, որ Կրեմլին բոլորովին ձեռնտու չէ այս պահին ներքին հավասարակշռության խախտումը Հայաստանում։
Վրաց-ռուսական պատերազմից հետո Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում գործնականում էապես թուլացել են` անկախ նրանից, թե ինչ հաղթական հաջողությունների մասին են ամեն օր տարփողում ռուսական որոշ ԶԼՄ-ներ։ Վրաստանի վրա ներազդելու և նրա քաղաքականությունն իր ցանկացած հունով ուղղորդելու գրեթե բոլոր լծակներից զրկված Կրեմլը, երկարաժամկետ կտրվածքով, հարկադրված է լինելու ամեն գնով լոյալ հարաբերություններ պահպանել Հայաստանի իշխանությունների հետ։ Որովհետև Ռուսաստանի միջամտությամբ Հայաստանի ներքին կյանքի փխրուն հավասարակշռության փլուզումը կարող է վերջ դնել ողջ Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ներկայությանը` վերջին «ֆորպոստն» էլ մղելով արևմտյան ազդեցության դաշտ։
Այսպիսով, տարածաշրջանում հիմնական խաղացող հանդիսացող երկու ուժային կենտրոններն այս փուլում կարծես շահագրգիռ են Հայաստանում կայունության պահպանմամբ, ինչն իր անխուսափելի ազդեցությունն է թողնում նաև համապատասխան քաղաքական և ոչ քաղաքական ուժերի ու խմբավորումների պահվածքի վրա։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է շարունակել ներքին կայունությունը պայմանավորել բացառապես արտաքին գործոններով։ Իշխանության խնդիրն է մեծացնել ներքին դիմադրության պոտենցիալն ինչպես արմատական ընդդիմության հետ լոյալ հարաբերությունների դաշտ ստեղծելով, այնպես էլ հանրությանը խոստացված բարեփոխումներն արագ և արդյունավետ քայլերով կյանքի կոչելով։ Իհարկե, համաշխարհային տնտեսական ճգնաժամն աննպաստ արտաքին կոնյունկտուրա ձևավորեց գործող նախագահի ու կառավարության համար, բայց ճգնաժամի պայմաններում երկիրն արդյունավետ կառավարելու կարողությունն էլ հենց օրվա իշխանության արժանիքների ապացույցն է։ Մնում է, որ բնակչությունը տեսնի դրանց առարկայական դրսևորումը։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3374

Մեկնաբանություններ